«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Նիդերլանդական Օրագիրը» դիտարկում և լուսաբանում է նաև բելգիահայ համայնքի կյանքը

«Նիդերլանդական Օրագիրը» դիտարկում և լուսաբանում է նաև բելգիահայ համայնքի կյանքը
23.06.2026 | 17:28

Նիդերլանդները, որպես եվրոպական սփյուռքի կարևոր կենտրոններից մեկը, հյուրընկալում է ոչ միայն հոլանդահայ համայնքը, այլև սերտ կապեր է պահպանում հարևան Բելգիայի հայկական համայնքի հետ: Այս կապերի ամրապնդման և լուսաբանման գործում առանցքային դեր է խաղում «Նիդերլանդական Օրագիր» անկախ ինտերնետային թերթը, որը լուսաբանում է ոչ միայն հոլանդահայ համայնքի կյանքը, այլև ակտիվորեն հետևում է հարևան Բելգիայի հայկական սփյուռքի իրադարձություններին՝ նպաստելով եվրոպական հայկական համայնքների միջև կապերի ամրապնդմանը և տեղեկատվության փոխանակմանը: «Նիդերլանդական Օրագրի» ֆեյսբուքյան էջը, որին վաղուց եմ հետևում հիմնադրվել է 2012 թվականին, որպես անկախ լրատվամիջոց, իսկ կայքը, որի արխիվներն առկա են, գործում է 2008 թվականից: Թերթը, որը գործում է առանց արտաքին ֆինանսավորման և հրապարակում է բազմալեզու նյութեր (հայերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն), ոչ միայն հետևում է տեղական իրադարձություններին, այլև նպաստում է սփյուռքի համախմբմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակությանը և մշակութային կապերի ամրապնդմանը: Օրինակ, վերջերս թերթը մանրամասն ներկայացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ստեղծված «Made in Armenia» արտադրանք վաճառող խանութների և գործարար կետերի ամբողջական ցանկը: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Embassy of Armenia to Belgium / Mission of Armenia to the EU-ի կողմից՝ հայկական արտադրողների աջակցության և արտադրանքի տարածման նպատակով: Ի դեպ սա լավ օրինակ է, երբ թերթը համագործակցում է Բելգիայում Հայաստանի դեսպանության հետ, որի առաքելությունը ստանձնել է Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Բալայանը: Նիդ. օրագրը զետեղեց նաև Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառի մասին նյութը, որը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից: Բրյուգմանի հրապարակը ստացավ հայկական շունչ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային երաժշտությունն ու պարարվեստը, ավանդույթները։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ եվրոպական սպառողներին ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ: Մասնակիցների թվում էին բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպը» և այլ կառույցներ: Տոնավաճառի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ռոմեն Դը Ռոզմը և փոխքաղաքապետ Ժյուլի դե Գրոտը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ և Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ և հյուրեր հարակից երկրներից: Դեսպան Բալայանը նշել է. «Բրյուսելում հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է»:

«Նիդերլանդական Օրագրը» նաև լուսաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Բրյուսել (մայիսի 26, 2026): Այցի ընթացքում ունկնդիրները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերին և դեսպան Տիգրան Բալայանին՝ քննարկելով հայ-բելգիական հարաբերությունները, ԵՄ գործընկերությունը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Բելգiահայ համայնքի կյանքի լուսաբանումը «Նիդերլանդական Օրագրի» գործունեության կարևոր մասն է կազմում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համայնքային համագործակցությանը և ընդհանուր հայկական շահերին: Օրինակ, 2020 թվականին թերթը մանրամասն անդրադարձել է Բրյուսելում կազմակերպված խաղաղության հավաքին ու բողոքի ցույցին Եվրախորհրդի շենքի մոտակայքում, որտեղ մոտ 1500 բելգիահայեր, տեղական իշխանավորներ և մտավորականներ միավորվել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու և խաղաղության կոչ անելու համար: Այս միջոցառման ավարտին սպիտակ աղավնիներ են օդ նետվել որպես խաղաղության խորհրդանիշ: Նմանապես, 44-օրյա պատերազմի օրերին թերթը լուսաբանել է նիդերլանդահայ և բելգիահայ 180 գործարարների համատեղ հանգանակությունները, որոնք ուղղվել են Արցախի աջակցությանը և հայկական հիմնադրամներին՝ ցույց տալով սփյուռքի միասնականությունը դժվարին ժամանակներում: Թերթի լուսաբանումները չեն սահմանափակվում միայն քաղաքական կամ բարեգործական իրադարձություններով: Օրինակ, Բելգիայից Լիանա Բալյանը հաճախ է հանդես գալիս իրավաբանական պարզաբանումներով: Նիդ. օրագիրը հաճախ անդրադառնում է բելգիահայ մշակութային գործիչներին և արվեստագետներին: Օրինակ, հոդվածներ են հրապարակվել բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանի (KeyOh) գործունեության մասին, նրա երաժշտական հաջողությունների և «Glam Mom Magazine»-ի հետ համագործակցության վերաբերյալ: Նման նյութերը ոչ միայն ներկայացնում են անհատական ձեռքբերումները, այլև խթանում են միջհամայնքային կապերը: Ավելին, թերթը անդրադարձել է Բելգիայում գտնվող մշակույթային խմբերին, ինչպիսին ներկայումս գործող «Բոհեմ» ակումբն է: Հատուկ ուշադրության է արժանի թերթի անդրադարձը Կարինե Մելիքսեթյանին՝ հայտնի հայուհուն, ում գործունեությունը ներկայացված է «Էբոնոսե ուղին» հոդվածում: Կարինե Մելիքսեթյանը, որպես սփյուռքի ակտիվ գործիչ, ստացել է թագավորական մրցանակներ հասարակության մեջ իր անշահախնդիր ներդրման համար: Թերթը հարցազրույց է անցկացրել նրա հետ՝ մանրամասն ներկայացնելով նրա ձեռքբերումները և ներդրումը հայկական մշակույթի պահպանման գործում: Այս հոդվածը ոչ միայն ընդգծում է անհատի դերը, այլև ցույց է տալիս թերթի հանձնառությունը սփյուռքի կին գործիչների ձայնը լսելի դարձնելու գործում:

Նիդ.օրագրում տեղ են գտել Բելգիայի Լուվեն Լա Նյովի կաթոլիկ համալսարանի (Université catholique de Louvain) Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետաքրքիր հոդվածները: «Նիդերլանդական Օրագրի» գործունեությունը չի սահմանափակվում միայն Բելգիայով կամ Նիդերլանդներով: Թերթը լուսաբանում է նաև այլ համայնքների կյանքը, ներառյալ եվրոպական սփյուռքի այլ մասերը, Հայաստանը, տարածաշրջանը և նույնիսկ միջազգային վառ իրադարձությունները:

Օրինակ, վերջերս հրապարակվել են հոդվածներ Իրանի շուրջ հակամարտության մասին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ինչպես նաև Նիդերլանդների հայկական համայնքի առաջամարտիկներին` Ինգա Դրոստին և Նիկոլայ Ռոմաշուկին պետական բարձր պարգևի արժանացնելու մասին: Այսպիսով, թերթը դառնում է կամուրջ եվրոպական հայկական համայնքների միջև, խթանելով միասնություն և մշակութային պահպանում: Որպես ամփոփում, «Նիդերլանդական Օրագիրը» ոչ միայն տեղեկատվական աղբյուր է, այլև սփյուռքի մշակութային և հասարակական կյանքի խթանիչ: Նրա լուսաբանումները բելգիահայ համայնքի կյանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ համայնքների, նպաստում են հայկական ինքնության պահպանմանը և եվրոպական ինտեգրմանը: Թվարկված օրինակները չնչին են: Թերթի կայքում (www.nidoragir.com) կարող եք գտնել ավելի շատ նյութեր, որոնք արտացոլում են սփյուռքի դինամիկ կյանքը:

Սյուզան ՔԱՆԱՆՅԱՆ

Բրյուսել


Երդվյալ թարգմանիչ,

Բելգիահայ կոմիտեի նախկին ընտրված անդամ,

«ՆՈՒՌ» եռալեզու ամսագրի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 210

Մեկնաբանություններ